ԱԲ սերունդ · PISA

ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Վերլուծության և համադրության նպատակն է գնահատել «ԱԲ սերունդ 2026» ծրագրի ընդունելության նախաթեստը հանձնած աշակերտների արդյունքները PISA-ի Հայաստանի արդյունքների համատեքստում։ Այս համադրությունը հատկապես կարևոր է, քանի որ երկու թեստերն ունեն PISA-ին մոտ մեթոդաբանություն և հարցերի կառուցման տրամաբանություն։

Օգտագործվել են հասանելի բոլոր բաց և հանրային տվյալներն ու արդյունքները։

«ԱԲ սերունդ» ծրագրի նախաթեստը մշակվել էր PISA-ի մեթոդաբանությանը և հարցերի ոճին համապատասխան՝ միաժամանակ հաշվի առնելով աշակերտների մնացորդային գիտելիքը և հատկապես վերջին դասարաններում արդեն ձեռք բերած գիտելիքների վերջնարդյունքները։

Ընտրանք
0
Հաշվարկում ընդգրկված աշակերտները
0
Ընդհանուր կշիռ
0
Կշռված միջին միավոր
0
Փոխարկման գործակից
0
PISA միջին (միայն ընտրած)
0
Հաշվարկ
—
«ԱԲ սերունդ» դպրոց Դպրոցի աշակ. (ֆիքս) Ընտրած / բոլոր Կշիռ ընտրած (բազային) Σ միավոր Σ կշռված Σ կշիռ
№ «ԱԲ սերունդ» դպրոց Անուն Ազգանուն Միավոր Դպրոցի աշակ. Դպրոցի կշիռ Կշռված միավոր PISA միավոր

PISA-ի հետ համադրություն

«ԱԲ սերունդ» արդյունքը
0
Տեղը աղյուսակում
—
Հայաստանի PISA-ի ազգային միջինը մոտ 362 միավոր է։ Generation AI-ի նախաթեստը կառուցվածքով և առաջադրանքների տրամաբանությամբ մոտ է PISA-ին, ուստի արդյունքների այս համադրությունը որոշակի պատկերացում է տալիս աշակերտների պատրաստվածության մակարդակի մասին։ Հատկանշական է, որ նույնիսկ Generation AI-ի նախաթեստում 30–40 միավոր ստացած և ծրագրում չընդգրկված աշակերտների միջին արդյունքը, PISA-ի սանդղակով հաշվարկելիս, ավելի բարձր է, քան Հայաստանի ազգային միջինը։
Երկիր / Տարածք Գիտություն Ընթերցանություն Մաթեմատիկա Հաշվողական խնդիրներ Միջին
PISA 2025 Results · Volume I · Country note

Միջազգային զեկույց · Հայաստան

OECD-ի՝ Հայաստանին նվիրված ամփոփագրում նշվում է, որ Հայաստանը PISA-ին առաջին անգամ է մասնակցում։ Ստորև ներկայացված թվերը վերցված են այդ զեկույցից և լրացուցիչ ստուգվել են հանրային աշակերտական տվյալների ֆայլի միջոցով, որը ներառում է 6 804 աշակերտի տվյալներ, համապատասխան կշիռներ և 10 plausible value (հավանական գնահատական)։ Տվյալների մշակման ընթացքում պահպանվել են PISA-ի սահմանած որակի ստանդարտները։

6 804 աշակերտ 293 դպրոց 23 808 կշռված · 80% ծածկույթ 91 երկիր / տնտեսություն

Հարցման տվյալները հանրային հասանելի են և տեղադրված են OECD-ի պաշտոնական կայքում։ Դրանց հիման վրա կատարված վերահաշվարկը համընկնում է զեկույցում ներկայացված և կլորացված արդյունքների հետ։ Բնական գիտություններ՝ 368.6, զեկույցում՝ 369, մաթեմատիկա՝ 375.8, զեկույցում՝ 376, ընթերցանություն՝ 348.3, զեկույցում՝ 348, հաշվողական խնդիրներ՝ 354.4, զեկույցում՝ 354։

Ընտրանքի տվյալները նույնպես համապատասխանում են զեկույցին՝ 6 804 աշակերտ, 293 դպրոց և կշռված 23 808 աշակերտ։

Գիտություն
369
OECD միջին՝ 482
−113 միավոր
Մաթեմատիկա
376
OECD միջին՝ 463
−87 միավոր
Ընթերցանություն
348
OECD միջին՝ 461
−113 միավոր
Հաշվողական խնդիրներ
354
OECD միջին՝ 500
−146 միավոր

Չորս չափումներով Հայաստանի արդյունքները OECD միջինից ցածր են՝ 87–146 միավորով։ Մաթեմատիկայում տարբերությունն ամենափոքրն է՝ 376 միավոր՝ OECD միջինից 87 միավոր ցածր։ Ընթերցանության արդյունքը ամենացածրն է՝ 348 միավոր, իսկ հաշվողական խնդիրների դեպքում տարբերությունն ամենամեծն է՝ 146 միավոր։

Այսինքն՝ տարբերությունը միայն բնական գիտությունների արդյունքներով չի սահմանափակվում․ տեքստը հասկանալու և թվային խնդիրներ լուծելու հմտությունների դեպքում նույնպես արդյունքները զգալիորեն ցածր են OECD միջինից։

Հիմնական եզրակացություն

Հայաստանում դպրոցական միջավայրի որոշ ցուցանիշներ ավելի դրական են, քան OECD-ի միջինը։ Աշակերտների միջև սոցիալական և տնտեսական տարբերությունները համեմատաբար փոքր են, դասերին կարգապահության խնդիրներն ավելի քիչ են, ուսուցիչներն ավելի հաճախ են աջակցում աշակերտներին, իսկ ահաբեկման դեպքերն ավելի քիչ են արձանագրվում։

Միևնույն ժամանակ, աշակերտների հիմնական ակադեմիական հմտությունների մակարդակը շատ ցածր է։ Գիտության ոլորտում աշակերտների մոտ 72%-ը չի հասնում Level 2-ի, իսկ ընթերցանության դեպքում այդ ցուցանիշը կազմում է մոտ 81%։ Սա նշանակում է, որ աշակերտների մեծ մասը չի հասնում այն նվազագույն մակարդակին, որը PISA-ն սահմանում է որպես հիմնական գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողություն։

Կարևոր է նաև, որ նույնիսկ սոցիալապես և տնտեսապես ավելի բարենպաստ պայմաններում սովորող հայ աշակերտները զգալիորեն ցածր արդյունքներ են ցույց տալիս նույն պայմաններում գտնվող այլ երկրների աշակերտների համեմատ։

Առանձին կարևոր խնդիր է դպրոց հաճախելը։ PISA թեստից առաջ երկու շաբաթվա ընթացքում հայ աշակերտների 58%-ը բաց է թողել առնվազն մեկ ամբողջ դպրոցական օր, մինչդեռ OECD երկրներում այդ ցուցանիշը 22% է։

Նվազագույն հմտություն (Level 2+) և բարձր արդյունքներ

Գիտություն · Level 2+ՀՀ 28% · OECD 74%
28%
74%
Մաթեմատիկա · Level 2+ՀՀ 28% · OECD 65%
28%
65%
Ընթերցանություն · Level 2+ՀՀ 19% · OECD 69%
19%
69%
Բնապահպանական գիտություն · Level 2+ՀՀ 27% · OECD 74%
27%
74%

Հայաստանում շատ քիչ են ամենաբարձր արդյունքներ գրանցած աշակերտները։ Գիտության ոլորտում Level 5–6 մակարդակին հասնում է ընդամենը մոտ 0.1% աշակերտ, մինչդեռ OECD երկրներում այդ ցուցանիշը մոտ 7% է։ Մաթեմատիկայում բարձր մակարդակ ունեցողները մոտ 1% են՝ OECD-ի 8%-ի համեմատ, իսկ ընթերցանության մեջ՝ գրեթե 0%, OECD-ի 6%-ի համեմատ։

Միևնույն ժամանակ, արդյունքները միմյանցից այնքան էլ հեռու չեն։ Գիտության դեպքում ամենաբարձր և ամենացածր արդյունքների միջև տարբերությունը կազմում է 191 միավոր, մինչդեռ OECD-ում՝ 258 միավոր։ Այսինքն՝ Հայաստանում աշակերտների արդյունքները համեմատաբար ավելի մոտ են միմյանց, բայց ամբողջ բաշխումը հիմնականում գտնվում է ցածր արդյունքների գոտում։ Պարզ ասած՝ խնդիրը միայն այն չէ, որ լավագույն արդյունքներ ունեցող աշակերտները քիչ են, այլ այն, որ աշակերտների մեծ մասը գտնվում է ցածր արդյունքների մակարդակում։

Սոցիալ-տնտեսական տարբերություններ

Բարենպաստ և անբարենպաստ պայմաններ · գիտություն
39 միավոր
OECD նույն բացը
85 միավոր
SES-ով բացատրվող տարբերություն
4% (OECD 12%)
Դժվար պայմաններում բարձր արդյունք
22% (OECD 12%)
Միջազգային SES-ի 3-րդ քառորդ
39% · գիտ. 383

Երկրի ներսում հավասարությունն ուժեղ է, բայց միջազգային համեմատությամբ նույն SES խմբի աշակերտները Սինգապուրում, Թայբեյում և Մակաոյում զգալիորեն ավելի բարձր արդյունք ունեն։ Նույնիսկ բարենպաստ պայմաններում սովորող հայ աշակերտը միջազգային վերին տասնորդականում մնում է ցածր գոտում։

Սեռային տարբերություններ

Գիտություն · աղջիկներ − տղաներ
+18 (OECD −1)
Մաթեմատիկա
+2 · վիճակագրորեն նշանակալի չէ
Ընթերցանություն
+40 (OECD +30)
Բնապահպանական գիտություն
+22 (OECD +5)

Աղջիկները տղաներից բարձր արդյունք ունեն գիտության, ընթերցանության և բնապահպանության մեջ։ Ընթերցանության և գիտության մեջ ցածր արդյունք ունեցող տղաների բաժինը միջազգային ամենաբարձրերից է։ Համառության, օգնություն խնդրելու և մտածողությունը իրավիճակին հարմարեցնելու ցուցանիշներով նույնպես աղջիկներն առաջ են։

Դպրոցական կյանք և վերաբերմունք · ՀՀ vs OECD

Բաց է թողել առնվազն մեկ օր (2 շաբաթում)ՀՀ 58% · OECD 22%
58%
22%
Բաց է թողել առնվազն մեկ դասՀՀ 59% · OECD 24%
59%
24%
Ուսուցչի պակասը խանգարում է ուսուցմանըՀՀ 16% · OECD 39%
16%
39%
Ուսումնական նյութերի պակասՀՀ 49% · OECD 29%
49%
29%
Ահաբեկման զոհ · ամիսը մի քանի անգամ+ՀՀ 9% · OECD 20%
9%
20%
Թվային շեղում գիտության դասինՀՀ 17% · OECD 28%
17%
28%
Հեռախոսի արգելք դպրոցումՀՀ 34% · OECD 49%
34%
49%
AI չաթբոտ՝ շաբաթական առնվազն 1 անգամ սովորելու համարՀՀ 49% · OECD 46%
49%
46%

Ուժեղ կողմեր

  • Ուսուցչի աջակցությունը բարձր է․ գիտության դասերին աշակերտների 81–84%-ը նշում է ուսուցչի աջակցությունը, OECD-ում՝ 66–73%։ Դասերի կարգապահությամբ Հայաստանը նույնպես բարձր ցուցանիշ ունի։
  • Աշակերտների սովորելու մոտեցումը ակտիվ է․ դժվարության հանդիպելիս 65%-ը լրացուցիչ ջանք է գործադրում (OECD՝ 60%), իսկ դպրոցը ժամանակի վատնում է համարում միայն 15%-ը (OECD՝ 24%)։ Ուսումը պլանավորում է 60%-ը (OECD՝ 37%), աշխատանքը ստուգում՝ 58%-ը (OECD՝ 49%)։
  • Դպրոցին պատկանելու զգացումը բարձր է․ այդ զգացումն ունի աշակերտների 82.4%-ը՝ OECD-ի 76.2%-ի համեմատ։ Կյանքից գոհունակության ցուցանիշով Հայաստանը նույնպես PISA-ում բարձր ցուցանիշներ ունեցող երկրների շարքում է։
  • Նույնիսկ անբարենպաստ պայմաններում սովորողներից շատերը բարձր արդյունք են ցույց տալիս․ նրանց 22%-ը երկրի արդյունքների վերին քառորդում է, OECD-ում՝ 12%։
  • Բնապահպանական թեմաների նկատմամբ հետաքրքրվածությունը բարձր է․ 80%-ին հետաքրքրում է այդ թեմաներով աշխատանքը և 80%-ը դրանք քննարկում է ընտանիքի հետ, OECD-ում՝ համապատասխանաբար 62% և 56%։

Ռիսկեր և թույլ կողմեր

  • Բացակայությունն ու ուշացումները լուրջ խնդիր են․ աշակերտների 54%-ը ուշանում է դպրոցից (OECD՝ 50%), իսկ բացակայության ցուցանիշով Հայաստանը միջազգային համեմատությամբ ամենաբարձրերից է։
  • Ընթերցանությունը ամենաթույլ ոլորտն է․ Level 2-ի և բարձր մակարդակին հասնում է միայն 19%-ը։ Ցածր արդյունք ունեցող տղաների բաժինն էլ միջազգային համեմատությամբ ամենաբարձրերից է։
  • Հաշվողական խնդիրներ լուծելու հմտությունները նույնպես թույլ են․ աշակերտների միայն 35.4%-ն է այս ոլորտում ցույց տալիս գիտության արդյունքից ավելի բարձր արդյունք, մինչդեռ OECD-ում՝ 56.3%։ Հայաստանը այս ցուցանիշով 82-րդն է 84 երկրների շարքում։
  • Դպրոցների ռեսուրսների խնդիր կա․ աշակերտների 49%-ի դեպքում նշվում է ուսումնական նյութերի պակաս, իսկ 39%-ի դեպքում՝ ֆիզիկական ենթակառուցվածքի խնդիրներ։ Հավաստագրված ուսուցիչների բաժինն էլ PISA-ում ամենացածրերից է։
  • Սովորելու և զարգանալու նկատմամբ հավատը համեմատաբար ցածր է․ 63%-ն է կարծում, որ կարող է զարգացնել իր կարողությունները (OECD՝ 69%)։ Գիտության արդյունքը նույնպես այս վերաբերմունքի հետ ավելի թույլ կապ ունի՝ ընդամենը +12 միավոր, OECD-ի +28-ի համեմատ։
  • AI-ի օգտագործումը տարածված է, բայց ինքնին բարձր արդյունք չի ապահովում․ գիտության արդյունքի ցածր մակարդակի պայմաններում AI օգտագործումը Հայաստանում ավելի բարձր է՝ 40%, OECD-ի 29%-ի համեմատ։ Միաժամանակ, թվային միջոցներից շեղվելը գիտության դասերի ընթացքում կապված է 12 միավորով ցածր արդյունքի հետ։

Թվային միջավայր

Սարքերով ուսուցում դպրոցում
2.2 ժ/օր (OECD 1.7)
Սարքերով ժամանց դպրոցում
1.4 ժ/օր (OECD 1.1)
AI-ով նախնական հետազոտություն
36% (OECD 31%)
AI-ով տեքստի ամփոփում
36% (OECD 30%)
AI-ով գրավոր աշխատանք
40% (OECD 29%)
Երբեք չի օգտագործում AI դպրոցում
10% (OECD 14%)
Դասին գնահատում է AI բովանդակությունը
75.9% (OECD 62.6%)

Ուսումնական նպատակով թվային միջոցների օրական 2–3 ժամ օգտագործումը կապված է գիտության ավելի բարձր արդյունքի հետ․ այդ խմբի միջին արդյունքը 400 միավոր է, մինչդեռ չօգտագործողների դեպքում՝ 382, իսկ 7 և ավելի ժամ օգտագործողների դեպքում՝ 379։ Սակայն նույնիսկ 400 միավորը զգալիորեն ցածր է OECD միջինից։

Ինչ գիտեն և կարող են անել

Level 2-ը PISA-ի սահմանած նվազագույն հմտությունների մակարդակն է։ Այս մակարդակից ցածր աշակերտը սովորաբար դժվարանում է իր ունեցած հիմնական գիտելիքները ինքնուրույն կիրառել նոր իրավիճակներում։

  • Գիտություն՝ 28%. կարողանում է ծանոթ երևույթի ճիշտ բացատրությունը ճանաչել և պարզ իրավիճակներում ստուգել՝ արդյոք եզրակացությունը հիմնավորված է։
  • Մաթեմատիկա՝ 28%. առանց ուղղակի հուշման կարողանում է հասկանալ, թե ինչպես պարզ իրավիճակը ներկայացնել մաթեմատիկական ձևով։
  • Ընթերցանություն՝ 19%. կարողանում է գտնել միջին երկարության տեքստի հիմնական միտքը և տեքստում գտնել հստակ պահանջով նշված տեղեկությունը։
  • Level 5–6 մակարդակներում աշակերտների թիվը գրեթե զրոյական է։ Այս մակարդակներում արդեն ակնկալվում է անծանոթ և բարդ իրավիճակներում գիտելիքների ինքնուրույն ու ճկուն կիրառություն, ինչը Հայաստանում դեռ լայնորեն տարածված արդյունք չէ։

Հավասար, բայց ցածր

Հայաստանում աշակերտների սոցիալ-տնտեսական պայմանների միջև արդյունքների տարբերությունը համեմատաբար փոքր է՝ 39 միավոր, մինչդեռ OECD-ում՝ 85 միավոր։ Անբարենպաստ պայմաններում սովորող աշակերտների 22%-ը նույնիսկ երկրի արդյունքների վերին քառորդում է։

Սակայն ընդհանուր արդյունքները շարունակում են մնալ ցածր․ նույնիսկ միջազգային համեմատությամբ 3-րդ սոցիալ-տնտեսական խմբում գտնվող հայ աշակերտների գիտության միջին արդյունքը 383 միավոր է։ Այսինքն՝ հիմնական խնդիրը միայն աշակերտների միջև անհավասարությունը չէ, այլ այն, որ արդյունքների ամբողջ բաշխումը կենտրոնացած է ցածր մակարդակում։

Դպրոցը աջակցում է, բայց աշակերտը հաճախ բացակայում է

Ուսուցիչները հետաքրքրվում են աշակերտներով և աջակցում նրանց, դասերը համեմատաբար կարգապահ են, իսկ ահաբեկման դեպքերը՝ քիչ։ Միաժամանակ, թեստից առաջ երկու շաբաթվա ընթացքում աշակերտների 58%-ը բաց է թողել առնվազն մեկ ամբողջ օր, իսկ 59%-ը՝ առնվազն մեկ դաս։

Այս պայմաններում ամենաարագ գործնական քայլերից մեկը դպրոց հաճախելու և դասերին մասնակցելու բարելավումն է․ առանց կանոնավոր ներկայության դպրոցի մյուս ուժեղ կողմերը դժվար են վերածվում կայուն գիտելիքի և հմտության։

Ընթերցանության արդյունքը հատկապես ցածր է տղաների շրջանում

Ընթերցանության մեջ Level 2-ի և բարձր մակարդակին հասնում է միայն 19%-ը։ Աղջիկները տղաներից առաջ են գիտության մեջ՝ 18 միավորով, իսկ ընթերցանության մեջ՝ 40 միավորով։ Մաթեմատիկայում սեռային տարբերությունը գրեթե չկա։

STEM-ի և ԱԲ-ի ծրագրերի համար սա կարևոր խնդիր է, քանի որ բարդ առաջադրանքների ըմբռնումը պահանջում է նաև ուժեղ ընթերցանության հմտություններ, իսկ այս ոլորտում հատկապես տղաների արդյունքներն են ցածր։

ԱԲ սերունդ · միջին դպրոց

Որ դպրոցներից են եկել «ԱԲ սերունդ»-ի դիմորդները

«ԱԲ սերունդ» ծրագրի դիմորդները դիմումի հարցաթերթիկում աշակերտները նշել են, թե որ դպրոցում են ավարտել 9-րդ դասարանը։ Պատասխաններից երևում է, որ դիմորդները ներկայացնում են թվով 263 միջին դպրոց՝ Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից։ PISA-ում Հայաստանից մասնակցել է 293 դպրոց։

Սա չի նշանակում, որ երկու ուսումնասիրություններում նույն դպրոցներն են ընդգրկված։ Պարզապես տվյալները ցույց են տալիս, որ «ԱԲ սերունդ» ծրագրի դիմորդներն էլ ամբողջ երկրից են, և նրանց ընդգրկումը միայն Երևանով չի սահմանափակվում։

Երևանից է եկել 39%-ը, մարզային քաղաքներից՝ 55%-ը, գյուղերից՝ 6%-ը։ Բոլոր տասը մարզերն էլ կան, ուստի սա միայն Երևանի դպրոցների պատկերը չէ։ Մոտ 68%-ը հիմնական կամ միջնակարգ դպրոցից է՝ նույն տարիքը, ինչ PISA-ի 15-ամյա աշակերտը։
«ԱԲ սերունդ»
263
միջին դպրոց, որոնցից եկել են դիմորդները
PISA Հայաստան
293
թեստին մասնակցած դպրոցներ

«ԱԲ սերունդ» դիմորդների բաշխումը

Երևան
39%
«ԱԲ սերունդ» դիմորդներ
Մարզային քաղաք
55%
«ԱԲ սերունդ» դիմորդներ
Գյուղ / ավան
6%
«ԱԲ սերունդ» դիմորդներ

«ԱԲ սերունդ» · բնակավայրի տեսակ

Մարզային քաղաք393 · 55%
55%
Երևան282 · 39%
39%
Գյուղ / ավան41 · 6%
6%

«ԱԲ սերունդ» · մարզեր

Երևան282 · 39%
39%
Արմավիր76 · 11%
11%
Արարատ60 · 8%
8%
Լոռի56 · 8%
8%
Սյունիք53 · 7%
7%
Կոտայք50 · 7%
7%
Շիրակ41 · 6%
6%
Արագածոտն36 · 5%
5%
Գեղարքունիք23 · 3%
3%
Տավուշ21 · 3%
3%
Վայոց ձոր18 · 3%
3%

1 · Ընդգրկում

PISA-ն Հայաստանի արդյունքը հաշվարկում է 293 դպրոցից հավաքված տվյալների հիման վրա։ «ԱԲ սերունդ» ծրագրի դիմորդների նշած դպրոցներն էլ ամբողջ երկրից են՝ մոտ 263 դպրոց՝ Երևանի և բոլոր մարզերի ընդգրկմամբ։ Հետևաբար ազգային՝ 362 միավորի հետ համեմատությունը տեղին է․ «ԱԲ սերունդ» ընտրանքը միայն մեկ քաղաքի դիմորդներից չի կազմված։

2 · Առանց Երևանի

Երևանը հանելու դեպքում մնում է 434 դիմորդի տվյալ՝ 61%։ Այսինքն՝ մարզային քաղաքներն ու գյուղերը կազմում են ընտրանքի մեծ մասը, և 30–40 միավոր ստացած դիմորդների արդյունքը չի կարելի բացատրել միայն մայրաքաղաքի ազդեցությամբ։

3 · Դպրոցական նույն աստիճանը

Դիմորդների 68%-ը սովորում է հիմնական կամ միջնակարգ դպրոցում։ Այս աշակերտները նոր են ավարտել 9-րդ դասարանը, ինչը տարիքային և կրթական առումով մոտ է PISA-ի 15-ամյա մասնակիցների իրավիճակին։ Ավագ դպրոցներում և վարժարաններում սովորողները կազմում են ընդամենը 10%։ Հետևաբար համեմատությունը միայն «ավագ դպրոց ընդդեմ հիմնական դպրոցի» չէ։

4 · Գյուղական դպրոցներ

Ցանկում կան նաև Գեղաշեն, Ուշի, Բռնակոթ, Ղուկասավան, Լճավան և այլ գյուղերի դպրոցներ։ Գյուղական դպրոցների բաժինը մեծ չէ՝ մոտ 6%, սակայն սա ցույց է տալիս, որ ընտրանքը միայն մարզկենտրոններից չի կազմված։

5 · Ընդհանուր աշխարհագրական ընդգրկում

«ԱԲ սերունդ» դիմորդների նշած դպրոցների թիվը՝ 263, մոտ է PISA-ի 293 դպրոցին։ Իհարկե, ընտրանքները տարբեր կերպ են ձևավորվել․ PISA-ն օգտագործում է նմուշառում, իսկ «ԱԲ սերունդը»՝ ծրագրին դիմած աշակերտների տվյալները։ Սակայն աշխարհագրական ընդգրկման տեսանկյունից երկու տվյալների բազաներն էլ ամբողջ երկիրն են ներառում։

Դպրոցները նույնը չեն

Դպրոցների անհատական համապատասխանեցում հնարավոր չէ և դրա կարիքը նույնպես չկա։ Այստեղ խոսքը շերտային մոտարկման մասին է՝ նույն երկիրը, մարզային ընդգրկումը, համեմատելի դպրոցական աստիճանը և մոտ տարիքային խումբը։

Նույնիսկ «ԱԲ սերունդ» չընդունված դիմորդների 30–40 միավորը բարձր է PISA-ի ազգային միջինից

«ԱԲ սերունդ» ծրագրի նախաթեստը կառուցվածքով մոտ է PISA-ին․ այն ներառում է տեքստի, դիագրամի և կիրառական խնդիրների վերլուծություն, ինչպես նաև բաց հարցեր։ Երկու թեստերն էլ գնահատում են գիտելիքը նոր իրավիճակներում կիրառելու կարողությունը։ Նախաթեստի արդյունքները բերվել են նույն՝ 500 կենտրոնական միավոր ունեցող սանդղակին, որի վրա Հայաստանի PISA-ի ազգային միջինը մոտ 362 միավոր է։ Այդ հաշվարկով նույնիսկ 30–40 միավոր ստացած և ծրագրում չընդգրկված Generation AI դիմորդների միջին արդյունքը 362-ից բարձր է։

Սա կարելի է դիտարկել նաև ընտրանքի առանձնահատկությունների համատեքստում։ «ԱԲ սերունդ» ծրագրին դիմել է 701 աշակերտ, որոնք մոտ 15 տարեկան են և եկել են քննության։ PISA-ում Հայաստանից մասնակցել է 6 804 աշակերտ՝ 293 դպրոցից, որոնց ընտրանքը ձևավորվել է ամբողջ երկրի 15-ամյա բնակչությունը ներկայացնելու նպատակով։ PISA-ի տվյալներով՝ աշակերտների 72%-ը գիտության մեջ չի հասնում Level 2-ի, իսկ թեստից առաջ երկու շաբաթվա ընթացքում 58%-ը բաց է թողել առնվազն մեկ դպրոցական օր։

Այսինքն՝ Generation AI-ի նույնիսկ չընդունված դիմորդը արդեն իսկ ինքնակամ դիմել է ծրագրին և մասնակցել ընտրության թեստին, մինչդեռ PISA-ի ընտրանքը ներառում է տվյալ տարիքային խմբի դպրոցականներին՝ անկախ նրանից, թե նրանք որքան ակտիվ են մասնակցում ուսումնական գործընթացին։ Սա ընտրանքների կարևոր տարբերություն է, որը պետք է հաշվի առնել արդյունքները համադրելիս։

Միևնույն ժամանակ, Generation AI-ի 30–40 միավորը ծրագրի ընդունելության տեսանկյունից ցածր արդյունք է, բայց PISA-ի ազգային միջինի հետ համադրության դեպքում այդ խմբի միջին արդյունքը բարձր է։ Բացի այդ, Generation AI-ի դիմորդների դպրոցները տարածված են ամբողջ երկրում․ հարցաթերթիկների տվյալներով դրանք ներկայացնում են մոտ 263 դպրոց՝ Երևանի և բոլոր մարզերի ընդգրկմամբ։ Հետևաբար տարբերությունը միայն Երևանի հաշվին բացատրելը հիմնավորված չէ։

Եզրակացություն

Հայաստանի PISA 2025 արդյունքները չեն նշանակում, թե դպրոցը վատն է կամ աշակերտների վերաբերմունքը՝ բացասական։ Դպրոցական միջավայրը, ուսուցչի աջակցությունը, պատկանելության զգացումը և երկրի ներսում արդյունքների համեմատաբար փոքր անհավասարությունը դրական կողմեր են։ Թույլ են մնում այն կարողությունները, որոնք PISA-ն ուղղակիորեն չափում է՝ գիտելիքը ծանոթ իրավիճակից անծանոթ իրավիճակում կիրառելը, հատկապես տեքստային և թվային խնդիրներում, ինչպես նաև կանոնավոր դպրոց հաճախելը։ Այս երկու բացը մասամբ բացատրում է, թե ինչու է միջին արդյունքը ցածր նույնիսկ այն դեպքում, երբ աշակերտը դպրոցը դրական է գնահատում։

Միաժամանակ, հնարավոր է, որ Հայաստանի արդյունքը որոշ չափով ավելի բարձր լիներ, եթե աշակերտներն ի սկզբանե ավելի հստակ իմանային, որ թեստի արդյունքը իրենց համար որևէ իրական հետևանք ունի՝ օրինակ՝ միավորը ներառվում է ատեստատում կամ դրա արդյունքը հաշվի է առնվում ավագ դպրոց տեղափոխվելիս։ PISA-ի դեպքում աշակերտը գիտի, որ թեստը իր անձնական գնահատականի կամ դպրոցական առաջադիմության վրա ուղղակիորեն չի ազդում։ Հետևաբար չի կարելի բացառել, որ որոշ աշակերտներ թեստին նույն ջանքն ու մոտիվացիան չեն ներդնում, ինչ իրենց համար անմիջական նշանակություն ունեցող քննության դեպքում։

Սա, սակայն, հնարավոր բացատրություն է, ոչ թե չափված ազդեցություն։ Առանց համապատասխան տվյալների հնարավոր չէ ասել, թե Հայաստանի արդյունքը որքանով կփոխվեր նման պայմաններում։

Աղբյուրներ և ստուգում։ OECD (2026), PISA 2025 Results (Volume I): Armenia, DOI՝ 10.1787/70f8f831-en։ Տվյալների լրացուցիչ ստուգումն իրականացվել է CY09_MS_STU_PUF և CY09_MS_SCH_PUF ֆայլերի միջոցով՝ կիրառելով վերջնական աշակերտական կշիռները և 10 plausible value-ները (հավանական գնահատական)։ OECD-ի միջինների համեմատության համար կիրառվել է համապատասխան կշռում։

Օգտագործվել են նաև FAST հիմնադրամի կողմից անցկացված «ԱԲ սերունդ» ծրագրի 2026 թվականի օգոստոսի 20-ին և 28-ին թվով 36 քննական վայրերում նախաթեստի պաշտոնական արդյունքները։

Սեռային տարբերությունների և լրացուցիչ ցուցանիշների համար օգտագործվել է OECD Education GPS-ը։ «ԱԲ սերունդ» դիմորդների դպրոցների աշխարհագրական ընդգրկումը ստուգվել է «ներկայիս_դպրոցներ.ods» ֆայլի հիման վրա՝ 716 օգտագործելի տողով և դպրոցների մոտարկված նույնացմամբ։

Այս նյութը OECD-ի հրապարակված տվյալների հիման վրա կատարված հարմարեցված վերլուծություն է և չի ներկայացնում OECD-ի պաշտոնական տեսակետը։

Վերլուծությունը կատարվել է «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի կողմից, հեղինակներ՝

Ավագ Սայան, Տեխնոկրթության փորձագետ, FAST հիմնադրամ, «ԱԲ սերունդ» ծրագրի բովանդակային ղեկավար

Միհրան Ավագյան, ԳՏՃՄ մանկավարժ-փորձագետ, FAST հիմնադրամ, «ԱԲ սերունդ» ծրագրի վերջնարդյունքի վերլուծաբան

© Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ, Բոլոր իրավունքները պաշտպանված են 2026